Եթե պրոդուկտի կառավարիչ դառնալու ճանապարհին ես…

«Պրոդուկտի կառավարումն ի՞նչ է» հարցադրումը հաճախ կարելի է լսել գործնական ամենատարբեր միջավայրերում։ Պատճառն այն է, որ այս ոլորտը բավականին ընդգրկուն է և ներառում է պարտականությունների ու անելիքների մի ամբողջ փունջ։ Վերջինս էականորեն կախված է ընկերության ձևաչափից, մասշտաբներից և բիզնես ուղղվածությունից։
Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր հաշվի առնել, եթե հետաքրքրված եք պրոդուկտի կառավարչի կարիերայով։

Հիմնական պահանջներ
Մասնագիտությունը ենթադրում է տիրապետել որոշակի հմտությունների, որոնք լրացուցիչ բարելավվում են փորձի, աշխատանքային տարբեր դերեր ստանձնելու և մենթորության օգնությամբ։ Ահա մի քանի օրինակներ, թե ինչով է զբաղվում պրոդուկտի կառավարիչը աշխատանքի տարբեր փուլերում`
• Պրոդուկտի գաղափարի գեներացում և հաստատում;
• Շահառուների հետ քննարկումների անցկացում, կարիքների բացահայտում;
• Օգտատերերի թեստավորում;
• Պրոդուկտի առանձնահատկությունների մասով (features) առաջնահերթության սահմանում և ճանապարհային քարտեզի (roadmap) պլանավորում;
• Ռեսուրսների արդյունավետ բաշխում;
• Շուկայի ուսումնասիրություն և գնահատում;
• Բիզնեսի և տեխնիկական պահանջների համապատասխանեցում;
• Գնագոյացման հաշվարկում և շահութաբերության մոդելի մշակում;
• Հաջողության հասնելու համար անհրաժեշտ չափորոշիչների սահմանում և դրանց նկատմամբ խիստ հետևողականություն։

Ինչո՞վ է նպաստում էմոցիոնալ ինտելեկտը (Emotional Intelligence)
Այն մասնագետները, ովքեր ունեն էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ, որպես կանոն գերազանց փոխհարաբերություններ են հաստատում ինչպես ընկերության ներսում, այնպես էլ ընկերությունից դուրս համագործակցությունների շրջանակում։ Այս առավելությունը թույլ է տալիս հեշտությամբ հաղթահարելու պրոդուկտի թողարկման ճանապարհին ի հայտ եկող ներքին/արտաքին խոչընդոտներն ու բարդությունները։
Կարևոր է, որպեսզի շահառուի հետ կարիքների բացահայտման փուլում զրուցակիցն իրեն հասկացված և լսելի զգա, ինչն էլ կօգնի առավելագույն կերպով ըմբռնել նրա խնդիրն ու լուծումներ մշակել։
Հենց այդ փուլում էլ ընդգծվում է հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Պրոդուկտի կառավարիչը պետք է տիրապետի գերազանց բանակցելու արվեստին, վստահություն ներշնչի շահառուներին, ինչպես նաև ոգեշնչի իր թիմակիցներին ու գործընկերներին` հասնելու ներուժի առավելագույնին։
Իրականում այդ ամենը այնքան էլ հեշտ չէ, երբ մի կողմից չպետք է տուժեն ընկերության շահերը, մյուս կողմից հարկավոր է գոհացնել շահառուներին, և այդ ամենին զուգահեռ պահպանել նաև թիմի հետ առողջ հարաբերություններն ու սահուն համագործակցությունը։

Ինքնագիտակցում (Self-awareness)

Օբյեկտիվ վարքագիծ դրսևորելու և սեփական հայացքները շահառուներին անհիմն չպարտադրելու նպատակով խիստ ցանկալի է, որպեսզի պրոդուկտի կառավարիչն ունենա ինքնաճանաչման բարձր գիտակցություն։
Անհրաժեշտ է հիշել, որ պրոդուկտը օգտատերերի համար է ստեղծվում, և այն պետք է ծառայի հստակ խնդրի լուծմանը, այլ ոչ թե մասնագետի անձնական հավակնություններին։
Հաստատված ցանկացած որոշում ենթադրում է օբյեկտիվ և հիմնավոր մոտեցում, ինչպես նաև խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն։

Ինքնատիրապետում (Self-management) 
Պրոդուկտի կառավարիչ լինելը սթրեսակայունություն է պահանջում։ Բանն այն է, որ ղեկավարությունը մի բան է ուզում, ծրագրավորման թիմը` մեկ այլ բան, շահառուներն էլ իրենց հերթին են տարբեր առաջարկներ անում պրոդուկտի այս կամ այն առանձնահատկության վերաբերյալ։
Կհամաձայնեք, որ բոլորովին էլ հեշտ չէ միաժամանակ կառավարել սուղ վերջնաժամկետները, եկամուտների թիրախները, շուկայի պահանջները, առաջնահերթությունների բախումներն ու ռեսուրսների սահմանափակությունը։ Եվ եթե պրոդուտկի կառավարիչն այս ամենին զուգընթաց չպահպանի սառնասրտություն և չկարողանա կառավարել հույզերն ու նյարդերը, հեշտությամբ կկորցնի վստահությունը բոլոր ուղղություններով։
Լավագույն կառավարիչները գիտեն` ինչպես և ինչ ուղղությամբ գործադրել ջանքերը` հետևում թողնելով սթրեսն ու անհավասարակշռությունը։ Նրանք գիտակցում են նաև դադար տալու ճիշտ պահը, թե երբ է հարկավոր «շունչ քաշել» և նոր եռանդով վերախմբավորվել։

Համապատասխանելիություն ընկերության մշակույթին
Պրոդուկտի կառավարչի հաստիքի հայտարարությանը դիմելուց առաջ նախ հարկավոր է գաղափար ունենալ, թե ինչպիսի կարգավիճակ ունի ընկերությունը, ինչ պրոդուկտի հետ է պլանավորվում առնչությունը, ինչպես են բաշխված աշխատանքային դերերն ու պարտականությունները։
Խրախուսելի է աշխատանքին դիմել այն դեպքերում, երբ պրոդուկտն իսկապես հոգեհարազատ է և հետաքրքիր, իսկ ընկերության արժեքներն ու ձեր ակնկալիքները թեկուզ մասամբ, բայց համընկնում են։

***
Պրոդուկտի կառավարչի կարիերան հետզհետե առավել խոստումնալից է դառնում հատկապես հայաստանյան շուկայի համար, քանի որ կա մեծ պահանջարկ, սակայն դեռ չկան բավարար չափով վերապատրաստված մասնագետներ։
Quick Start-ի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացի շնորհիվ մասնակիցներին հաջողվում է  կարճ ժամանակահատվածում ձեռք բերել IT աշխարհ մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններ և պրակտիկ գիտելիք։
Դասընթացի մասին առավել մանրամասն` այստեղ։