
Ֆոնդահայթայթումը հաջող ձեռնարկելու փոքրիկ ուղեցույց
Ոչ առևտրային բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև շատ ու շատ ստարտափներ հիմնականում առաջնորդվում են առանց ֆոնդահայթայթման պլանի։ Երբ ինչ-որ մեկը որևէ միջոցառման կամ արշավի միտք է ունենում, այս կազմակերպությունները միավորում են մի խումբ կամավորների` սկսելով կյանքի կոչել տվյալ գաղափարը։
Նրանք նամակներ են ուղարկում այստեղ-այնտեղ, հանդիպումներ փնտրում դոնորների հետ, ներկայացնում գաղափարն ու անելիքները, իսկ ահա երբ գումարը բանկային հաշիվներում աստիճանաբար նվազում է, ֆինանսներ հայթայթելու իսկական խուճապն անխուսափելի է դառնում։
Քայլերի այս հաջորդականությունը, ինչպես հասկանալի է, հաջողելու լավագույն տարբերակը չէ։ Եթե նույնիսկ ձեր ընկերությունը չունի ֆինանասական աղբյուրներ փնտրելու հրատապ անհրաժեշտություն, միևնույնն է, ֆոնդահայթայթման անկազմակերպ և ոչ հեռատասական մոտեցումը գլխացավանք է` «համեմված» սթրեսներով և ֆինանսական անկայունությամբ։
Ինչպե՞ս խուսափել ձախողումից
Չձախողելու կարևորագույն երաշխիքներից է ֆոնդահայթայթման հայտ կազմելու նրբություններին տիրապետելը։
Անկախ նրանից, թե ինչ մասշտաբների գործունեության մասին է խոսքը, ձեր կազմակերպությունը պետք է ունենա հստակ նախագծված պլան` սահմանված չափորոշիչներով։
Գրավոր պլանավորումը օգնում է կենտրոնացնելու ձեր ջանքերը, ստեղծելու ֆոնդահայթայթման օրացույց, ինչպես նաև ուղղորդում է ռազմավարական առումով առաջնահերթություններ սահմանելիս. չէ՞ որ շատ հաճախ միաժամանակ համընկնում են մի քանի միջոցառումներ, այդ խառնաշփոթին էլ ավելանում են էլեկտրոնային նամակներն ու չդադարող զանգերը։
Եթե հակիրճ ձևակերպենք, կարելի է ասել, որ գրավոր պլանի առկայությունը սթափ է պահում ձեր բանականությունը և թույլ է տալիս արդյունավետորեն հետևելու մշակված օրակարգին։
Ո՞վ և ե՞րբ
Այս երկու հարցի պատասխանները հարկավոր է հստակեցնել նախապես. ո՞վ է կազմելու ձեր պլանը, և ե՞րբ է այն կազմվելու։
Եթե ձեր անձնակազմում ներգրավված են զարգացման գծով պատասխանատուներ, ապա ցանկալի է, որ նրանք մշակեն ֆոնդահայթայթման պլանը և դա անեն մինչև գործունեության լայնածավալ ընդգրկումը։ Մեծ պահանջարկ են վայելում նաև այդ ուղղությամբ մասնագիտացված խորհրդատուները և համապատասխան որակավորում ունեցող անձինք։
Ի վերջո, դուք ինքներդ կարող եք կազմել պլան՝ օգտվելով համացանցում տեղ գտած ուցեցույցներից կամ մասնագիտացված դասընթացներից։ Դա կարող է տևել շաբաթներ, պահանջել մեծ ջանքեր, բայց փրկել ձեզ խուճապային իրավիճակներից և տհաճ անակնկալներից։
Ֆոնդահայթայթման պլանի բաղադրիչները
Ընդունենք` գիտեք, որ պետք է ունենաք հստակ պլան, արդեն իսկ որոշել եք, թե ով պետք է կազմի այն, և տվյալ անձը հասցրել է խորհրդակցել համապատասխան շահառուների հետ։ Եվ այսպես, որո՞նք են պլանավորման հիմնական բաղադրիչները։
1. Նպատակ
Որքան էլ պարադոքսալ է հնչում, պլանավորումը սկսվում է այն պահից, երբ սահմանված է վերջնանպատակը։ Հարկավոր է նշել, թե որն է ֆոնդահայթայթման գլխավոր և վերջնական նպատակը, որքան ֆինանս է այն ենթադրում կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով։
Գումարի չափը, բնականաբար, օդում չի ֆիքսվում. այն պետք է բխի կազմակերպության հիմնավորված կարիքներից և բավարարի տվյալ գործունեությունը ավարտին հասցնելու պահանջները։
- Ուղերձ/ առաքելություն
Եթե «նպատակը» պատասխանում է այն հարցին, թե որքան գումար է հարկավոր, ապա այս դեպքում կարևորվում է, թե ինչու է անհրաժեշտ այդ գումարը, որն է կազմակերպության առաքելությունը, ինչ ուղղությամբ են ծախսվելու ռեսուրսներն ու միջոցները, ինչ հիմքերով է նախատեսվել տվյալ բյուջեն։ - Մարտավարական մեթոդներ
Երբ արդեն պարզաբանված և հիմնավորված է, թե որքան ֆինանսի կարիք կա, հաջորդում է այն փուլը, թե ինչպես պետք է հայթայթել այդ միջոցները։ Հարց է առաջանում, թե տարբեր ժամանակահատվածների համար մարտավարական ինչ մեթոդներ են կիրառվելու և ինչ նպատակ են հետապնդելու։
Երբեմն առավել արդյունավետ է միաժամանակ մի քանի մեթոդների համակցումը, ինչը կարող է ապահովել շատ ավելի բարձր եկամտաբերություն։ - Ժամանակացույց
Բազմաթիվ կազմակերպություններ այս առումով կաղում են։ Թեև նրանք ողջամիտ բյուջե են սահմանում, հստակեցնում են առաքելությունը, մշակում են ֆոնդահայթայթման մարտավարության մի խումբ մեթոդներ, այդուհանդերձ տանուլ են տալիս ժամանակացույց կազմելու կարևոր գործընթացը։
Նույնիսկ երբ թվում է, թե հաջողելու բոլոր նախադրյալներն ապահովված են, ժամանակացույցի բացակայության պատճառով անելիքները մշտապես մնում են անկատար կամ ոչ լիարժեք։
Որոշ մասնագետներ նախընտրում են ժամանակացույցի միայն մակերեսային պլանավորում, այնինչ հարկավոր է այն մանրամասնորեն մշակել` խուսափելու համար հետագա խոչընդոտներից։
Անգամ աննշան թվացող անելիքները խիստ ցանկալի է գրի առնել և պարբերաբար հետևել դրանց իրագործմանը։ Այդ սովորությունը կստիպի քննադատորեն մոտենալու ֆոնդահայթաթմանն առնչվող որոշումներին և անգնահատելի ուղեցույց կդառնա գործունեության ամբողջ ընթացքում։
Ֆոնդահայթայթման մասին շատ ավելին իմանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով` գրանցվելով առաջիկա դասընթացին։